ԱՆՍԱ ԻՄ ՁԱՅՆԻՆ


Հիսուս Քրիստոս, ասում են թե դու,
Որ երկու հազար տարիներ առաջ
Խաչվեցիր այստեղ և տառապեցիր
Հանուն մարդկային ցեղի փրկության,
Եվ համբարձվեցիր երկինք, առ Աստված,-
Մեր դարավերջին գալու ես կրկին
Այս մեղքով լցված աշխարհը խրթին։
Դու չե՞ս վախենում, որ մի նոր Հուդա
Նորից քեզ մատնի և ատոմապաշտ
Բիրտ արքաների անգութ ձեռքը տա,
Որոնք կարող են քեզ հյուլեական
Տառապանքների ենթարկել անխիղճ...
Հիսու՜ս Քրիստոս, անսա իմ ձայնին,
Մի՛ վերադառնա արքայությունից,
Մի՛ իջնի վճիտ, կապույտ ծիրերից,
Չես կարող փրկել ոչ մեզ, ոչ էլ քեզ,
Անսա իմ ձայնին, իմ եղբայրակից,
Մի՛ վերադառնա Աստծո լույս գրկից...


Գեվորգ Քրիստինյան

ՆԱԽՈՐԴ ԷՋ