ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ


Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-
Հողը փորում են՝ գիր է դուրս գալիս,
Մեր սուրբ Նարեկը ծաղկել է հողից,
Մեր հայրենները ծիրան են հասած,
Խնձորի ծառը երգում է կամաց,
Խաղողի վազը լալիս է անձայն.
Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-
Հողը պեղում են՝ երգ է դուրս գալիս։
Քարերը այստեղ մորմոք են սառած,
Ծառերը՝ փափուկ օրոցք մանկական,
Անձրևը, ասես, օրհնանք է՝ կախված
Վաղ գարնանային երկնքից ազատ.
Գարունը այն ի՜նչ խաղաղ է բացվում,
Աշունը բերք ու բարիքով փակվում,
Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-
Հողից ու քարից գրեր են պեղում,
Հողին ու քարին մեր սե՜րն է ծաղկում։


Գեվորգ Քրիստինյան

ՆԱԽՈՐԴ ԷՋ