|
Կա ու չկա՝ Մի Հայաստան կա Աշխարհում, Տիեզերքում դա իմ հզոր սերն է անմար, Կա ու չկա՝ մի Արարատ կա իմ սրտում, Որ մեր ցավոտ ու խենթ բախտի թագն է գոհար։ Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում, Որ աստղամերձ լեռներ ունի և խոր ձորեր, Որոնց սրտում մի մեծ հույս է նա փայփայում՝ Ազատության, անկախության հույսը անմեռ։ Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում, Որ սկիզբ է առնում Ոգու հին քաոսից, Դարակուտակ իր վերքերն է դեռ նորոգում, Իր կենսունակ ապագան է կռում ցավից։ Խոր վերքերի, կորուստների մեջ անհեթեթ՝ Նա քայլում է, անխոնջ կերտում ու կառուցում, Զվարթնոցի ու Գառնիի ոգով հզոր Երևան ու Բյուրական է նա դեռ կերտում։ Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում, Որ մարդկային ցեղն է փրկել ջրհեղեղից. Առաջին տունկն է մշակել նույն այս հողում, Մարդկության սերմն է ծաղկել մեր երազից։ Կա ու չկա մե՜ծ Հայաստան կա մեր հոգում։ Գեվորգ Քրիստինյան |