ՊԱՏԱՍԽԱՆ


Ինձ հարց են տալիս
Հայերն ամէնուր
Թէ խնջոյքներում
Թէ՛ հանդէսներում
Ահմադ Նուրիզադեհ
Դու, որ հայ չես ու չես ծնուել հայ
Ապա ո՞նց գիտես զգալ մեր հոգին,
Մեր հայութիւնը
Չէ՞ որ հայ չես ու չես ծնուել դու հայ։

Ես ստիպուած ու կիսակատակի
Մի բան ասում եմ
Եւ ինձ փրկում եմ լուրջ պատասխանից.
Բայց այս րոպէին կ'ուզեմ մէկ ընդ միշտ
Լուրջ ու անկատակ
Պատասխան տալ այս կրկնուող
հարցին.
- Այո՛, բարեկամ, ընկեր, հարազատ
Պարզ է, հայ չեմ ես,
Եւ ոչ էլ պարսիկ։
Թող այսպէս ասեմ.
Ես մի գիլանցի եւ իրանցի եմ,
Կեանքը վիճակեց հայերէն գիտնալ,
Գրել ու կարդալ,
Զգալ հայ հոգուն,
Եւ շատ էլ չնչին
Կարողութեան չափ
Ծառայել նրա մշակոյթին
Ու գրական հոգուն։
Եւ ես եմ այսօր
Ոչ­ հայ բանաստեղծ
Ինձ անուանել են
Հայ ժողովրդի պարսկախօս զաւակ,
Որ արդէն գիտէ Մաշտոցի լեզուով
Հայերէն խօսել, խոկալ հայերէն
Հայերէն խնդալ, տխրել հայերէն
Հայի հետ նստած տօնում եմ ցնծում,
Նրա ծէսերին յաճախ մասնակցում։
Երբ որ կարդում եմ հայոց պատմութիւն,
Այս ժողովրդի կեանքը տխրուրախ,
Ելեւէջներից նրա փոթորկոտ
Ես էլ եմ թախծում
Եւ ուրախանում։
Երբ որ յաղթում է ազգը չարութեան
Ու բռնապետին՝
Ես էլ եմ զգում իմ երակներում
Յաղթականի շունչ
Ու հպարտութիւն,
Սիրտս է դառնում նրանց յուշերի
յաղթակամարը
Ու երբ պարտւում են
Ես էլ եմ զոհւում հազարների հետ
Ես էլ եմ լացում
Մայրերի լալկան, վշտահար սրտում։
Եւ ես էլ ունեմ «Ապրիլ քսանչորս»։
Այդ սարսափը մեծ
Երբ որ լսում եմ
Սայաթ Նովու այդ անմոռանալի սազ ու
քամանչան,
Ինձ էլ է այրում
Ինձ էլ է գերում։
Ես էլ եմ սիրում Տէրեանի հետ
Այրուել սիրուց
Եւ փափկասուն ու քնքուշ, նրբիրան
Հայ աղջիկներին գովասանք ասեմ։
Ու Չարենցի հետ ամբոխին երգեմ
Եւ երգեմ նրա «Երկիր Նայիրի»ն
Թումանեանի «Անուշ»ը փրկեմ բախտից
ու մահից։
Թէ Բելլայի հետ զեփիւռ դառնամ ու
սարերից իջնեմ։
Այո՛, իմ ծանօթ,
Բարեկամ իմոյ,
Սիրում եմ ես քո ազգն ու մշակոյթ
Ես մի իրանցի, ոչ­ հայ բանաստեղծ,
Սիրում եմ այնքան, որքան դու սիրես
Քանի որ ես մարդ՝ մարդուն եմ սիրում,
Եւ նրա հոգու ստեղծած վեհը։
Ու այս է հիմա
Ձեր այդ կրկնուող հարցին պատասխան.
Թէ սիրում եմ ես հայ ու հայերէն,
Եւ ոչ թէ չար ու մարդասպան գազան
Մարդանուն գազան
Ապա հայ լինի
Եւ թէ այլ ազգի
Քանզի տենչում եմ
Աշխարհն այս հին
Դառնայ մի մեծ ու մարդկային համերգ,
Եւ մարդը մարդու եղբայրը դառնայ,
Եւ երգեն իրար ամենապոէմը
Վեհ, յաւիտենական։
Այս է պատասխան
Իմ ազի՛զ ծանօթ
Իմ հա՛յ բարեկամ։

ԱՀՄԱԴ ՆՈՒՐԻԶԱՏԷ



ՆԱԽՈՐԴ ԷՋ